Նորություններ

«Ոմանք իշխանական կերամանին մոտ կգտնվեն»

By Grigor

February 13, 2016

«Համերաշխություն» կուսակցության և համանուն շարժման նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ զրուցում ենք ՀՀԿ — ՀՅԴ կազմավորվող նոր կոալիցիայի, պաշտոնների բաժանման, ՀՀԿ-ում տիրող իրավիճակի, մեր տարածաշրջանում ծավալվող գործընթացների ու դրանց Հայաստանի մասնակցության մասին:

 

— Պարոն Ավետիսյան, խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ձևավորվում է նոր կոլիցիա ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև: Ըստ Ձեզ, ո՞րն է նպատակը:

— Նախ` շնորհակալություն հարցազրույցի հրավերի համար: Իմ կարծիքով, ո´չ ՀՀԿ-ն, ո´չ ՀՅԴ-ն` քաղաքական առումով որևէ ծանրակշիռ դեր չունեն մեր հանրապետությունում, իսկ ՀՅԴ-ի կոալիցիան միավորումը ՀՀԿ-ի հետ միայն մեկ բացատրություն ունի` տղերքին պետք էին պաշտոններ, տրվում են, ոչ ավելին: Ցավալի է, որ դա արվում է Դաշնակցության նման կուսակցության հետ, որը համարվում է ավանդական և գաղափարախոսական կուսակցություններից մեկը: Հատկապես` գաղափարախոսական առումով, նրանք կարծես ունեին հստակ դիրքորոշում, որը հակասում էր ՀՀԿ-ինին: Չգիտեմ ինչ կատարվեց երկուստեք, սակայն կարծում եմ, մեր հասարակությունը դրանից որևէ բան չի շահի, որովհետև դա մեռելածին կոալիցիա է լինելու:

Խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը մեկ տարի, որից հետո կարելի էր կազմել կոլիցիա, երբ ՀՀԿ-ն չէր ունենա մեծամասնություն և կխնդրեր նրանց միանալ իրենց: Հիմա` փորձում են որոշ պորտֆելներ տալ դաշնակներին, որպեսզի վայելեն այդ պաշտոնները: Սահմանադրույթունը փոխվել է, Հայաստանը դառնում է խորհրդարանական երկիր, ու իշխանությունները կանգնած են լուրջ խնդրի առաջ, մասնավորապես` եթե հիմա Սերժ Սարգսյանը մատնացույց է անում, որ ինքն իբր ընտրված է ժողովրդի կողմից և օլիգարխիկ շրջանակներն իրենից վախենում են, ընդսմին` նա կոալիցիոն բանակցությունների մեջ էր դաշնակների հետ, որի մասին տեղյակ չէին կուսակցությունում, ապա խորհրդարանական կառավարման համակարգում արդեն Սերժ Սարգսյանը փորձելով իր ձեռքում պահել իշխանությունն ուղղակի կախված է լինելու օլիգարխներից, որովհետև ՀՀ նախագահին արդեն ընտրելու են Ազգային ժողովում, և յուրաքանչյուր բանի համար տասն անգամ փոխհատուցելու է: Հետևաբար` իշխանական վերնախավում մտածում են օլիգարխներին չթողնել նոր ԱԺ, այլ նրանց համոզում են քեռու, հորեղբոր որդի — աղջիկներին առաջադրել, ովքեր բարձրագույն կրթություն ունեն, նրանց բերել խորհրդարան, որտեղ երիտասարդներին ճնշելը շատ ավելի հեշտ կլինի, անգամ այնպես, որ իրենց հարազատներին ուրանան: Արդյունքում` կստացվի այնպես, որ օլիգարխները կտրվեն օրենքի ձեռքն ու նրանց հարստությունները կբաժանեն իրար միջև: Սա է վերջնական սցենարը, որի հետ այս կոալիցիան որևէ աղերս չունի, ընդամենն այս ժամանակահատվածում ոմանք իշխանական կերամանին մոտ կգտնվեն:

— Իսկ ի՞նչ է կատարվում ՀՀԿ իշխող կուսակցության ներսում այսօր, կարծես տպավորություն է, որ առաջիկայում իշխանության լծակների մետ են հայտնվելու բացառապես երիտասարդները:

— Եվ դա բնական է: Դա է Սերժ Սարգսյանի սցենարը, նրան այլևս պետք չեն տարեց և փորձառու ՀՀԿ-ականները, ովքեր փորձում են դիմադրություն ցույց տալ, որը որևէ հաջողություն չի ունենա, կարծում եմ: Դա իշխանական մոտեցումն է, որը բացարձակ չեմ կիսում, որն ուղղակի կործանարար է մեր երկրի համար, որովհետև աշխարհաքաղաքական ներկա գործընթացներում չի կարելի թույլ տալ ներիշխանական քայքայումներ:

Անգամ կուսակցություններն են սկսել ստուգել` գործում են դրանք, թե` ոչ, որի նպատակն է Սերժ Սարգսյանի համար ոչ հաճո կուսակցությունները փակելը: Բացարձակ բռնատիրություն են ուզում տարածել, որը կարծում եմ, քաղաքակիրթ աշխարհն էլ թույլ չի տա: Եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով ներկայիս ՀՀԿ-ից ոչինչ չի մնա, կգա նաև իրենց փակվելու ժամանակը:

— Հատկապես մեր տարածաշրջանում ծավալվող ռուս — թուրքական, և ոչ միայն, խմորումների արդյունքում պատահակա՞ն է արդյոք, որ խոսք է գնում մեր հանրապետության Արմավիրի և Շիրակի մարզպետների պաշտոններն` ի թիվս նախարարական, փոխնախարարական և թաղապետային այլ պորտֆելների, ՀՅԴ-ն հանձնելու մասին: Կարծես կրկնվում է անցած դարասկզբի պատմությունը, որի պայմաններում Հայաստանի Թուքիայի հետ դարպասային մարզերը ղեկավարելու են դաշնակները:

— Հետաքրքիր հարց է, տպավորություն է, որ Հայաստանն ուղղակի պետք է Թուրքիայի հետ պատերազմական գործողությունների մեջ մտնի ու հատկապես այն տարածքներում, որտեղ պիտի լինի պատերազմական թատերաբեմ իշխելու են դաշնակները` դրանից բխող հետևանքներով: Այսինքն` էլի դաշնակների ձեռքով պիտի հանձնվի՞ Հայաստանը:

Անցած դարասկզբի գործողության կրկնողությունն է նաև, որ Հայաստանը դառնում է խորհրդարանական կառավարման պետություն, երբ ինչպես 1918 — 20 թթ.-ներին, երբ հայկական տարածքների համար որոշումներ էին կայացվում, մինչդեռ ՀՀ խորհրդարանում տեղյակ չէին: Պատմությունն, այո, կրկնվելու վտանգ ունի: Արդեն Ռուսաստանի Պետդումայում առաջարկություն կա 1921 թ. պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին, որով ենթադրվում է, որ տարածքներ են վերադարձվելու Հայաստանին: Այս մասին բոլորը խոսում են, բացի հայերից, կարծես` մենք պետականություն չունենք, մեր տեսակետը չենք կարողանում հայտնել: Եթե որևէ մեկը շահելու է այս ամենից, ապա հաստատ Հայաստանը չէ:

— Վտանգ կա՞, որ Հայաստանը կարող է դառնալ պոլիգոն ռուս — թուրքական պատերազմում:

— Իհարկե` կա: Այն պահից, երբ Հաայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, այն ժամանակ էլ ես հայտարարեցի, որ դա տնտեսական պայմանագիր չէ, այլ` քաղաքական փաստաթուղթ: Այսօր էլ անզեն աչքով տեսանելի է, որ մենք որևէ բան տնտեսական առումով չենք շահել այդ միությանը միանալուց հետո: Հայաստանն ընդամենը դարձել է ռուսական քաղաքականության ծայրամաս: Իհարկե` ռուսները շահագրգիռ են, որպեսզի Հայաստանը ներքաշվի ռուս — թուրքական խաղի մեջ և արտաքուստ ու պաշտոնապես երևա, որ դա Հայաստանի և Թուրքիայի պատմական կռիվն է, և ոչ թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի, որին չեն խառնվի նաև ամերիկացիները: Դրանով թոզ կփչվի համաշխարհային հանրության աչքին: Դա է իրենց ուզածը:

— Երկուստեք նպատակը ո՞րն է` նոր Քուրդիստանի ստեղծումը՞:

— Երկուսի նպատակն էլ այս տարածաշրջանում ուղղակի և վերջնականապես հաստատվելն է, ով ինչպես կարող է, որտեղ Իրանն ազատվել է, իսկ Թուրքիան մասնատման եզին է: Նոր վերաբաժանումներ են լինելու մեր տարածաշրջանում, որից, ցավոք, Հայաստանը դուրս է մնալու, որովհետև նման իշխանության պայմաններում, որը զրոյական վստահություն ունի հանրության կողմից, անհնար է որևէ բան անել: Հակառակը` կարող է սկսվել ներքին ապստամբություն` անցանկալի հետևանքներով, որի պայմաններում ոչ մեկը չի հասկանա, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում: Դրանից հետո մի խումբ ՀՀԿ-ականներ կարմիր դրոշով կվազեն Հայաստանում ՌԴ դեսպանատուն` Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես Ռուսաստանի տիրապետության տակ հանձնելու խնդրանքով:

— Ներքին ապստամբության և դրա անցանկալի հետևանքների մասին խոսելով ջուր չեք լցնո՞ւմ իշխանությունների ջրաղացին` այն առումով, որ եթե 2017 թ. խորհրդարանական ընտրություններն էլ կեղծվեն, հանրությունը դուրս չգա արդարություն պահանջելու, որովհետև ներքին անկայունությունը կվտանգի Հայաստանը տարածաշրջանային խմորումներում:

— Ընդհակառակը` այս պայմաններում ընդդիմությունն ամեն ինչ պետք է անի, որ շահի հանրության վստահությունը, որը չունեն նաև իշխանությունները: Իշխող համակարգը սպառել է բոլոր ռեսուրսները, որի պայմաններում անհնար է, որ շարունակի կառավարել երկրում: Սա շատ լավ է հասկանում Սերժ Սարգսյանը, նա գիտե, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀԿ-ն, և որտեղ կլինեն ՀՀԿ-ականները խորտակվող նավի վտանգը զգալու դեպքում: Միայն պետական լծակներով պահելն էլ հեռանկար չունի:

Առաջիկայում կձևավորվի գաղափարախոսական շարժում, որը կունենա հստակ ծրագրեր և խնդիրները կդնի իր առջև ու կլուծի: Գիտեմ նաև, թե ով կարող է լինել դրա առաջնորդը: Դրանից հետո կփոխվի Սահմանադրությունը, կվերադարձվի ուժեղ նախագահական կառավարման համակարգը, կվերցվի իշխանությունն ու կվերանայվի Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: Հայաստանը չպետք է լինի կցորդի կարգավիճակում: Դրա համար անհրաժեշտ է վերանայել երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Երբ ունենանք նորմալ իշխանություն և կազմակերպված պետություն, կլուծվեն բոլոր խնդիրները:

Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նյութի աղբյուրը՝ mitk.am