Նորություններ

Սեպտեմբերի 26-ին «Համերաշխություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն

By Grigor

September 27, 2018

Սեպտեմբերի 26-ին «Համերաշխություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին կուսակցության ինչպես հին, այնպես էլ նոր անդամներ:

Օրակարգում դրված էին մի քանի կարևոր հարցեր, որոնք էլ քննարկվեցին անդամների կողմից:

Խորհրդակցության ընթացքում կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը խոսեց ներկայումս տիրող քաղաքական իրավիճակի մասին, տվեց գնահատականներ: Նա նշեց, որ երբ համաժողովրդական պայքարը սկսվեց, մարդիկ ավելի մեծ ակնկալիքներ ունեին, բայց ժամանակն այլ բան ցույց տվեց:

«Երբ համաժողովրդական շարժումը սկսվեց, մենք ակտիվ մասնակցություն ունեցանք, պաշտոնական հայտարարություն արեցինք, որ մասնակցում ենք «սիրո և համերաշխության» հեղափոխությանը։

Մենք պաշտոնական հայտարարություն արեցինք, որ մասնակցում ենք, աջակցում ենք, մեր հարյուրավոր, հազարավոր աջակիցներին կոչ արեցինք, որ դուրս գան փողոց և, իսկապես, նրանք դուրս եկան։

Հանրապետության տարբեր մասերից մարդիկ եկան, մասնակցեցին և տեղում աջակցեցին հեղափոխության իրագործմանը: Չնայած դրան՝ այդ օրը Փաշինյանը հանրահավաքի ժամանակ, ասաց՝ այսօր մեզ միացել են ոստիկանական բաժանմունքի կապիտան այսինչը, «Գրանդ Քենդիի» աշխատակից այսինչը, բայց ոչ մի խոսք չեղավ մեր քաղաքական ուժի մասին։ Ես հասկացա, որ ինչ–որ բան այն չէ: Հետո, ցավոք սրտի, այն, ինչ այդ պահին հասկացել էինք, սկսեց իրականություն դառնալ»,- ասաց Սարգիս Ավետիսյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանը և ներկայիս իշխանությունները այլակարծությունը չեն հանդուրժում, ավելին, Փաշինյանը ջանում է խորհրդարանի վրա ճնշում գործադրելով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել։

«Եթե հիշում եք, Զարուհի Փոստանջյանն ուզում էր խոսել հանրահավաքի ընթացքում, սակայն նրան թույլ չտվեցին, բարձրախոսը խլեցին նրա ձեռքից, և ես այդ ժամանակ հասկացա՝  այս հեղափոխություն կոչվածը ինչ–որ պրոեկտ է»,- ասաց Սարգիս Ավետիսյանը։

Վերջինս նշեց՝ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին՝ քաղաքացիների մեծ մասը չի մասնակցել ընտրություններին, հետևաբար չի կարելի ասել, թե քաղաքացիների մեծ մասն անվերապահորեն վստահում է Նիկոլ Փաշինյանին։

Սարգիս Ավետիսյանը խոսեց Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի մասին՝ նշելով, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանը տարբեր ոլորտներում հաջողություններ է գրանցել, իսկ մարդիկ ավելի լավ են ապրել։

«Լևոնը, Սերժը, Նիկոլը նույն քաղաքական կուրսն են վարում: Քոչարյանի դեպքում միանգամայն այլ է եղել: Նրանք ունեցել են մի քաղաքական կուրս, որի ընթացքում Հայաստանը քայքայվել է: Մենք Քոչարյանի ժամանակ ականատես ենք եղել մի քաղաքական կուրսի, որի ժամանակ Հայաստանը ծաղկել է», – ասաց Սարգիս Ավետիսյանը՝ նշելով՝ «Համերաշխություն» կուսակցությունում այլակարծությունն ու կարծիքների բախումը նորմալ է ընդունվում, և նորմալ է, որ կուսակցության անդամ Արմեն Կարապետյանը Քոչարյանի հետ կապված՝ կարող է այլ մոտեցումներ ունենալ։

Խորհրդակցության վերջում կուսակցության առաջնորդը նշեց, որ առաջիկայում լինելու է կուսակցության համագումար, և իր կուսակցական գործընկերներին խնդրեց հավուր պատշաճի պատրաստվել դրան և ուշի ուշով հետևել քաղաքական զարգացումներին՝ երկրին հնարավորինս պիտանի լինելու, հասարակությանն օգնելու մղումով։

Նաև միաձայն որոշվեց դեկտեմբերի 20-ին՝ Համերաշխության միջազգային օրը, անցկացնել ավանդույթ դարձած մրցանակաբաշխությունը, սակայն մրցանակին արժանի թեկնածուին խորհրդի անդամները պետք է ընտրեն առաջիկայում: