Նորություններ

Սարգիս Ավետիսյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ

By Solidarity Info

December 29, 2019

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանում եմ, որ 2020 թվականին գտնվեն զարգացման նոր ուղիներ, լինի անձնական ու համամարդկային ջերմ ապրումների, ցանկությունների իրականացման, հաջողությունների, ձեռքբերումների, սիրո և իրական համերաշխության տարի։ Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, երջանկություն, սեր եւ ուժեղ կամք, իսկ մեր զինվորներին՝ քաջություն և առողջություն՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով մեր անվտանգությունն ապահովելու համար: Նոր տարում բոլորիս թող ուղեկցեն միայն հաղթանակները։ 2019թ. պատմության գիրկն է մտնում իր բարի և չար արարքներով, իր լավ ու վատ գործերով: Յուրաքանչյուրս մեր լուման ունենք մեր երկու հայրենիքների՝ Հայաստանի և Արցախի զարգացման և անվտանգության գործում, ինչն ամենից կարևորն է էլ ավելի վստահ քայլերով առաջ գնալու համար: Մեր ուսերին է դրված բարեկեցիկ և ազատ հայրենիք կառուցելու դժվարին, բայց հաղթահարելի այդ ծանր բեռը: Ուստի ցանկանում եմ, որ գալիք 2020 թ. ուրախություն ու երջանկություն բերի Ձեզ: Համբերություն ու նորանոր եռանդ Ձեր աշխատանքում: Եղեք ներող և բարեհոգի, բայց ամենից գլխավորըառողջ և լավատես։ Նոր տարին և հատկապես Սուրբ ծնունդն այն բացառիկ տոներն են, որ միավորում են բոլորիս անկախ ամեն ինչից: Դրանք տոներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու անելիքները, մտորելու գալիքի մասին: Ի վերջո, դրանք տոներ են, որոնցից հույս է ճառագում, մարդեղություն բխում, միմյանց հանդեպ սեր և համերաշություն ծորում։ Աստված բոլորիս պահապան։

«Համերաշխություն» շարժման համակարգող՝ Սարգիս Ավետիսյան