Site icon Համերաշխություն կուսակցություն

panorama.am «Համերաշխություն» կուսակցությունը կսատարի Ռ. Քոչարյանին

Վերջերս panorama.am կայքին տված հարցազրույցում «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին արված հայտարարությանը, դրական գնահատեց վերջինիս մտադրությունը:

«Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու ծրագիրը շատ դրական եմ գնահատում: ՀՀ երկրորդ նախագահը լուրջ պետական ու քաղաքական գործիչ է, և ես համարում եմ, որ նա շատ անելիքներ ունի քաղաքական դաշտում»,- ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:

Նա չբացառեց առաջիկա քաղաքական գործընթացներում Քոչարյանին սատարելու հավանականությունը:

«Մի շարք կուսակցություններ, այդ թվում «Համերաշխություն» կուսակցությունը, պատրաստվում են ակտիվ քաղաքականություն վերադառնալ, որի մասին կհայտարարվի առաջիկա համագումարում, և չի բացառվում, որ այդ կուսակցությունները հայտարարեն Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին»,-ասաց Ավետիսյանը:

Թե ինչ կուսակցությունների մասին է խոսքը, նա չցանկացավ հայտնել:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքին, ապա Սարգիս Ավետիսյանը նշեց, որ ինքը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի այն գնահատականի հետ, որ սա քաղաքական հետապնդում է, այլ ոչ թե իրավական գործընթաց:

 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ վերադարձել է մեծ քաղաքականություն:

Exit mobile version