Site icon Համերաշխություն կուսակցություն

http://mitk.am Խորհրդարանական կառավարման պայմաններում այս վիճակը կրկնվելու է անընդմեջ

Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի տված հարցազրույցը mitk.am լրատվական կայքին:

Պարոն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյանի չընտրությամբ՝ իրավունքի ուժով, լուծարվեց 6-րդ գումարման Ազգային ժողովն ու նշանակվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ դեկտեմբերի 9-ին: Համերաշխություն կուսակցությունը մասնակցելո՞ւ է …

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց պարզվում է՝ ունենք: Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում՝ կրկես է, որովհետև առաջադրվում է վարչապետի թեկնածու, ով պիտի չընտրվի: Դրան հաջորդելու է հաջորդ կրկեսը՝ ընտրություններ կոչված միջոցառումը, որի արդյունքում մեկ քաղաքական ուժն ունենալու է բացարձակ մեծամասնություն, որը Հայաստանի համար կլինի շատ վատ: Այս ամենի պատճառը խորհրդարանական կառավարման համակարգն է, մինչդեռ կիսանախագահական համակարգն ապացուցել է իր բազում փորձություններով անցնելով, որ ամենակենսունակն է Հայաստանի համար: Պատկերացրեք, որ Հոկտեմբերի 27-ը տեղի ունենար խորհրդարանական կառավարման համակարգում, ինչ կկատարվեր մեր երկրի հետ: Հիմա ոչ թե պետք է զբաղվեինք նման ընտրություններով, այլ պետք է վերափոխեինք Սահմանադրությունը՝ վերադառնայինք հնին, իհարկե՝ բարեփոխումներ կատարելով: Իսկ այսպես կարող է անընդմեջ կրկնվել արտահերթների իրավիճակը ու որևէ երաշխիք չկա, որ չի լինի այդպես:

Այս ամենին նպաստեց իհարկե ՀՀԿ-ն, որովհետև անթույլատրելի էր, որ նրանք թույլ տվեցին այսքան արագ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Գուցե տարօրինակ բան եմ ասում այս պահի համար, բայց այս ամենի մեղավորը ՀՀՇ-ն է, որի իշխանության օրոք թույլատրվեց պատգամավորներին խմբակցությունից խմբակցություն անցնել: Ժողովրդի ընտրությամբ ընտրվածները նման իրավունք չպետք է ունենան, այլ պետք է վայր դնեն իրենց մանդատը, որն էլ պետք է փոխանցվի համամասնական ընտրացուցակի հաջորդ համարին: Այլապես՝ անգամ նոր ընտրություններից հետո էլ՝ ցանկացած սպիտակ ուժ կարճ ժամանակում կարող է դառնալ սև և՝ հակառակը:

Ես չեմ հասկանում, թե ինչո՞վ էր խանգարում այս խորհրդարանը ծրագրեր իրականացնելու համար, ամեն բան հաստատում էին, անում այնպես, ինչպես ցանկանում էին կառավարությունում: Անգամ այսպիսի խորհրդարանական ընտրություններից հետո էլ որևէ մեկը ներդրում չի անի, որովհետև ներքաղաքական իրավիճակը չի կայունանա:

Ուստի՝ Համերաշխությունն ակտիվ շփումների մեջ է մյուս քաղաքական ուժերի հետ և՝ կորոշենք ինչ անել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Հիմա ամենաթեժ թեմաներից մեկն էլ ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն էր Հայաստան: Տարաբնույթ կարծիքներ են հնչում, ո՞րն է Ձերը …

Ջոն Բոլթանի այցը Հայաստան շատ վտանգավոր էր, որովհետև Հանրապետականները Միացյալ Նահանգներում, ի տարբերություն Դեմոկրատների, ինչ ասում՝ իրականացնում է: Հիմա, իմ կարծիքով, ԱՄՆ-ը ծրագիր է իրականացնում մեր տարածաշրջանում, որի օրակարգում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի բարեկամությունը՝ իհարկե՝ տարածքներ զիջելու հաշվին, ինչը շատ վտանգավոր է մեզ համար: ԱՄՆ-ը որակյալ զենք կտրամադրի Հայաստանին, իհարկե՝ թանկ, բայց՝ վարկերի միջոցով, որից հետո խորհրդարանում կհայտնվի օրինագիծ, որով Հայաստանից դուրս կբերվի ռուսական ռազմաբազան, որովհետև այն արդեն պետք չի լինի Հայաստանին: Հայաստան – Իրան հարաբերությունները կվատանան, որը ևս չի բխում մեր շահերից: Դրանից հետո՝ Աստված գիտե, թե ինչ կլինի Հայաստանի հետ: Բազմամիլիոնանոց երկրներով շրջապատված լինելով՝ մենք որևէ բան չենք կարող որոշել մեր 2 մլն-ով, որովհետև դրանից հետո մեր երկիր մուտք կգործեն թուրքական, ադրբեջանական կապիտալները ու անգամ մեր չեղած տնտեսությունը կփլուզվի:

Ամենաարդյունավետ քաղաքականությունն այդ առումով վարում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ուստի՝ ես կարծում եմ, որ պետք է վերադառնալ այդ կուրսին, որի արդյունքում և՛ Հայաստանի տնտեսությունը կզարգանա, և՛ հասարակության սոցիալական վիճակը կփոխվի: Այլապես՝ այսպես շարունակելով՝ որևէ լավ բան չեմ տեսնում Հայաստանի համար:

Exit mobile version