Site icon Համերաշխություն կուսակցություն

«Իշխանությունները հաճույք են ստանում մարդկանց ուղղակի բանտ ուղարկելուց, ինչն անթույլատրելի է»

Ընդդեմ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բացահայտ տեղի ունեցող քաղաքական ճնշումները թեւակոխեցին նոր փուլ: Հ. Թովմասյանի 75-ամյա հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելուց հետո` հերթը հասավ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին կալանավորելուն: Նա մեղադրվում է նրանում, թե օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: Այս մասին «Իրավունքը» պարզեց «Համերաշխություն» կուսակցության նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ տեսակետը:

– Կարծում եմ` այն տրամաբանությամբ, որով առաջնորդվում է այսօրվա քաղաքական իշխանությունն, այսպիսի երեւույթներ անընդհատ կարող են կրկնվել, եւ հասարակության մեջ հայտնի ու հարգված մարդիկ կարող են հայտնվել բանտարկյալի կարգավիճակում: Ինչպես տեսնում եք, արդեն նույնիսկ չեն էլ խորշում հայտնել, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար դատապարտվող մարդիկ կարող են լինել: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իշխանությունները հաճույք են ստանում մարդկանց անունների հետ խաղալուց եւ մարդկանց, ուղղակի, բանտ ուղարկելուց, ինչն անթույլատրելի է: Մի իշխանություն, որը եկել է սիրո եւ համերաշխության կոչերով, երկիրը պարզապես վերածել է ատելության եւ թշնամանքի միջավայրի, որտեղ ամեն օր բոլորը բոլորին կասկածում են: Սա կարող է մեզ համար ճակատագրական լինել:

«ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

– Ի դեպ, անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացահայտ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանում իրենք ունեն քաղաքական խնդիր: Այսքանից հետո` ի՞նչ է պետք անել` սպասել ՄԻԵԴ-ի, միջազգային կառույցների արձագանքի՞ն, թե՞ այլ լուծում փնտրել:

– Ցավոք, նա ճշմարտությունն է ասել: Եվ եթե դատական իշխանությունների, իրավական համակարգի հետ կապված քաղաքական խնդիր են դնում, շատ ցավալի է: Սա նույն տրամաբանության մեջ է: Իրենք փորձում են ինչ-որ ձեւերով ճնշել ՍԴ նախագահին, քրեական գործեր բացել հարազատների ու ընտանիքի անդամների վրա, ինչը մեզ համար անընդունելի է: Կարծում եմ` իրենք սխալ ուղղության վրա են, եւ խնդիրը պետք է քաղաքական լուծում ստանա:

– Ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է կանգնեցվի այս գործընթացը, եւ ո՞րն է այդ քաղաքական լուծումը:

– Այս ամենը քաղաքական պրոցեսներ են, քաղաքական հետապնդումներ, եւ այն ունենալու է քաղաքական հանգուցալուծում, այլ տարբերակ հիմա պարզապես չկա: Աստիճանաբար այս ամենը բերելու է նրան, որ առաջիկա ամիսներին քաղաքական փոփոխությունների ականատես կլինենք: «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՏ ՈՒ ՔԻՉԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՈՐՈՇՈՒՄ»

– Մինչ այդ, կառավարությունում հիմա զբաղված են նախարարների աշխատավարձերը բարձրացնելով: Տնտեսական ներկա իրավիճակում չե՞ք կարծում, որ սա անթույլատրելի շռայլություն էր:

– Այն իշխանությունը, որը նախկիններին մեղադրում էր գումարները վատնելու մեջ, հիմա նման որոշումներ է կայացնում, ընդ որում` գաղտնի, որն, իսկապես, անթույլատրելի է եւ շատ զարմանալի: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի վարչապետ, հանդես էր գալիս իբրեւ դեմոկրատ քաղաքական գործիչ, մինչդեռ այժմ գաղտնի աշխատավարձեր է բարձրացնում, սա դատապարտելի է: Ընդհանրապես` ես աշխատավարձերը բարձրացնելու կողմնակից եմ, բայց դրանք պետք է բարձրացվեն համաչափ: Իսկ այն մարդիկ, ովքեր չեն նպաստել պետության կայացմանը կամ տնտեսական ավելի մեծ ցուցանիշներ չեն ապահովել, չեմ կարծում, որ նրանց աշխատավարձերը պետք է բարձրացնել:

– Ի դեպ, Ազգային ժողովում օրերս տեղի ունեցան լսումներ` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով: Ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս գործընթացի վերաբերյալ «Համերաշխությունը»:

– Կուսակցությունների վերաբերյալ մի ցավագին տենդենց կա` որ քաղաքական ուժը հայտնվում է իշխանության գլուխ, փորձում է քաղաքական կուսակցությունների մասին օրենքները փոփոխել: Այդպես, ցավոք, եղավ նաեւ նախկինում, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Քաղաքական կուսակցություններին պետք է հանգիստ թողնել: Իսկ եթե այս իշխանությունները մտածում են, որ իրենք շատ ավելի հնարամիտ եւ խելացի են ու կարող են քաղաքական կուսակցությունների մասին այնպիսի օրենք գրել, որ, ըստ էության, Հայաստանը դառնա միակուսակցական համակարգ, ապա չարաչար սխալվում են, իրենց, պարզապես, չի հաջողվի: Խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես չգիտեն` ինչ է քաղաքական կուսակցությունը, ինչի համար է, չարժե, որ դրանով իրենք զբաղվեն: Կուսակցությունների շատ ու քիչը իշխանությունը չի որոշում, այլ հասարակությունն իր քվեարկությամբ: Այս նույն տրամաբանությամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր 20 հոգով ընդհանրապես իշխանության չէր գա, եւ նախկիններն էլ իրենց հարյուր հազարավոր կողմնակիցներով իշխանությունից չէին գնա: Իսկ եթե իշխանությունն ուզում է օգտակար լինել քաղաքական կուսակցություններին, դրա համար պետք է կուսակցությունների հետ քննարկեն այս հարցերը: Եթե անհրաժեշտություն լինի, այս առումով նույնիսկ գրավոր առաջարկություններ կարող ենք ներկայացնել, որպեսզի քննարկեն եւ հիմք ընդունեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Exit mobile version