Համերաշխություն կուսակցություն

2022 թվականի կուսակցական տարեկան հակիրճ ամփոփագիր

Սիրելի՛ հայրենակիցներ, ահա և ավարտվում է այս տարին։ Այն լի էր բազմաթիվ իրադարձություններով, բնականաբար մեզ հետաքրքրում է քաղաքական մասը։ Ուզում եմ շատ հակիրճ ներկայացնել, թե ինչ է արել «Համերաշխություն» կուսակցությունը. լինելով ընդդիմադիր ուժ՝ իր բոլոր հնարավորությունները ներդրել է, որպեսզի այս ազգակործան պատուհասներն օր առաջ հեռանան։ Մասնակցել ենք պայքարի բոլոր ձևերին։ Ուզում եմ անդրադառնալ դրանցից մի քանիսին.

1. Ակտիվ մասնակցել ենք Դիմադրության շարժման փողոցային և վրանային պայքարին։

2. Հարցազրույցներ ենք տվել տարբեր ֆորմատներով՝ չնայած լրատվական բլոկադային։

3. Մի շարք համայնքներում մասնակցել ենք ՏԻՄ ընտրություններին և բոլոր տեղերում հաղթահարել անցողիկ շեմը։

4. Կուսակցության որոշմամբ սկսել ենք Փրկության կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը, որի շրջանակներում ակտիվ աշխատանքներ տարվեցին Մայր աթոռի հետ, ինչի արդյունքում Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով տեղի ունեցավ վերջինիս և Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումը։

5. Ամրապնդվեցին կուսակցական կառույցները, նոր մարդիկ անդամագրվեցին կուսակցության շարքերը։

6. Կուսակցական ներկայացուցչություններ բացվեցին եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես Նիդերլանդների Հաագա քաղաքում, Բուլղարիայի Սոֆիա քաղաքում, Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, Բելգիայի Բրյուսել քաղաքում։ Աշխատանքներ են տարվում Գերմանիայի Մյունխեն, Ֆրանսիայի Մարսել, Կանադայի Մոնրեալ, ԱՄՆ-ի Նյու Յորք, Լոս Անջելես, Ռուսաստանի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ռոստով քաղաքներում և մի շարք այլ երկրներում։ Նպատակը՝ աշխարհին ներկայացնել մեր գաղափարները և ստեղծել Համերաշխության կենտրոն Հայաստանում։

7. Այս օրերին աշխատանքներ են տարվում Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, մասնավորապես մեր Հաագայի գրասենյակը նախաձեռնել է օնլայն ստորագրահավաք, որի արդյունքներն առաջիկայում ներկայացվելու են Նիդերլանդների կառավարությանը և Եվրապառլամենտին (ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նախորդ հրապարակման մեջ)։

8. Գրեթե ավարտին ենք հասցրել Հայաստանի շուրջ 2000 ընտրատեղամասերում մեկ հոգի ունենալու «2000+1» ծրագիրը։

Աստված մեզ պահապան։

Exit mobile version