Notice: Undefined index: premium-map-cluster in /home/u130916325/domains/solidarity.am/public_html/wp-content/plugins/premium-addons-for-elementor/includes/addons-integration.php on line 759

Notice: Trying to access array offset on value of type bool in /home/u130916325/domains/solidarity.am/public_html/wp-content/plugins/sitepress-multilingual-cms/sitepress.class.php on line 4210

ՆԱԽԱԲԱՆ

1.  «Համերաշխություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, սոցիալական ամենատարբեր խավերի ներկայացուցիչների անհատական անդամության հիման վրա ստեղծված քաղաքական միավորում է, որի գաղափարախոսությունը՝ սոլիդարիզմը (համերաշխականություն), հիմնվում է ժողովրդավարության և քրիստոնեական բարոյագիտության սկզբունքների վրա: Որդեգրելով այսպիսի քաղաքական դիրքորոշում՝ մենք համարում ենք, որ այն լավագույնս կարող է նպաստել մեր ժողովրդի և պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը։

2. ՀՀ պետական անկախությունը մենք համարում ենք անսակարկելի և անքննելի համազգային-պատմական հիմնարժեք։

Ինչպես մարդն է Աստծո կողմից ծնվում ազատ, այնպես էլ ժողովուրդների Աստվածատուր իրավունքն է գոյակցել ինքնիշխանորեն։ Ավելի քան վեց դար զրկված լինելով ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքից՝ մեր ժողովուրդը Աստծո բարեհաճությամբ և միահամուռ կամարտահայտությամբ վերջապես վերագտավ սեփական ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու բնականոն ընթացքը։ Այսօր,  ինչ ստեղծվել է անկախ Հայաստանի Հանրապետությունը, որն աշխարհի պետությունների շարքում, ժողովուրդների հանրակցություններում ունի իր արժանի տեղը, ՄԱԿ-ի ու Եվրախորհրդի, միջազգային ամենատարբեր կառույցների լիիրավ անդամ է:

Ելնելով այս իրողություններից՝ մենք հայտարարում ենք, որ շարունակաբար և ըստ ամենայնի նպաստելու ենք մեր պետության ամրապնդմանը, նրա հեղինակության ու վարկի բարձրացմանը։

3. Մենք հետամուտ ենք 1915-1923թթ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Համարում ենք, որ միջազգային հանրությունում հայոց ցեղասպանության ներկայացման և ճանաչման հարցը պետք է լինի մեր կուսակցության քաղաքական գործունեության առաջնահերթություններից մեկը:

4. Ելնելով ազգային և պետական շահերից՝ մենք մեր գործունեության առաջնահերթություններից մեկը համարում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը։ Ղարաբաղը մեզ համար գաղափար է. բազում դարեր անց հայ ժողովուրդն առաջին անգամ վերականգնել է պատմական արդարությունը։ Եվ մենք մեր բոլոր ուժերն ի սպաս ենք դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտների համակողմանի զարգացման համար։ Մենք կողմնակից ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման գործընթացին:

5. Մենք փաստում ենք, որ պետական անկախության անցած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տիրում են ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ։ Մենք գտնում ենք, որ անցումային փուլին բնորոշ սոցիալական լարվածությունը կարող է մեղմվել, երբ ՀՀ քաղաքացիները իրենց արժանապատվությունը երաշխավորող ազատություններն ու իրավունքները իրացնելու լիարժեք հնարավորություն ստանան: Այդ իսկ պատճառով մենք որդեգրում ենք կառուցողական գործելակերպ և պատրաստակամ ենք ստեղծարար համագործակցության պետական մարմինների, քաղաքական, հասարակական կազմակերպությունների և մեր պետության առաջընթացով մտահոգ բոլոր ուժերի հետ:

6. Մեր կուսակցությունը սոլիդարիզմի (համերաշխականություն) գաղափարախոսության կրողն է: Մենք համարում ենք, որ 21-րդ դարում մարդու, ժողովուրդների, պետությունների համատեղ գոյակցության լավագույն ձևը հիմնված է համերաշխության սկզբունքի վրա: Այդ իսկ պատճառով կուսակցությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում մեր երկրում սոլիդարիզմի (համերաշխականություն) գաղափարախոսության տարածումը, արմատավորումը, որը կբերի հասարակության և պետության առավել արդյունավետ փոխհամագործակցության:

«Համերաշխություն» կուսակցության հիմնական սկզբունքներն են.

1.         Համերաշխություն

2.         Ազատություն

3.         Արդարություն

4.         Հավասարություն

Համամարդկային այս սկզբունքները գործում են միմյանց հետ սերտորեն փոխկապակցված և հիմնվում են մեր ազգային ինքնատիպության, ազգային առանձնահատկությունների վրա:

  1. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

1.1. Ի սկզբանե մարդն ազատ է: Սակայն ինչպես անհատի անձնական կյանքում, այնպես էլ պետությունների, ժողովուրդների, հասարակության գոյակցային ոլորտում չկա և չի կարող լինել բացարձակ ազատություն։ Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի և ընդունի այլոց ազատության իրավունքը, իսկ դա անխուսափելիորեն հանգեցնում է փոխադարձ սահմանափակումների։

1.2. Չկա ազատություն առանց պատասխանատվության: Յուրաքանչյուր ոք ազատության իր բնատուր իրավունքը գործածելիս պետք է պատասխանատվություն կրի սեփական գործելակերպի համար, հաշվի նստի հնարավոր հետևանքների, ազդեցությունների և հակազդեցությունների հետ: Իսկական ազատությունը ինքնուրույնություն և պատասխանատվություն է, այլ ոչ թե անպատասխանատու անկախություն։

1.3. Մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները, այդ թվում` խոսքի, խղճի ազատությունը և այլն, պետք է զուգակցվեն պատասխանատվության հետ՝ յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռելով զարգանալ անկաշկանդ և ներդաշնակ։

1.4. ՀՀ-ում յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվելու համընդհանուր ազատություններից, այնինչ առօրյա կյանքում հաճախակի գործադիր և դատական մարմինների կողմից դրանք անարդարացիորեն սահմանափակվում են։ Իշխանությունը պահանջկոտությունը պետք է զուգակցի յուրաքանչյուր անձի քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների հանդեպ հարգալից վերաբերմունքի հետ, այսինքն իշխանություն-անհատ փոխհարաբերությունները պետք է կրեն միայն իրավական բնույթ՝ կարգավորվելով իրավական նորմերով՝ բխելով մարդու իրավունքների և ազատությունների ապահովման ելակետից։ Ազատության ոտնահարումը հանգեցնում է հասարակության քաղաքական, հետևաբար տնտեսական, սոցիալական, հոգևոր և այլ ոլորտների ճգնաժամի:

1.5. Մենք՝ որպես քաղաքական ուժ, հայտարարում ենք մեր պատրաստակամությունը՝ սատարելու ՀՀ-ում մարդու ազատության և պատասխանատվության զուգակցված, շարունակական առաջընթացին։ Այդհանդերձ մենք պաշտպանում ենք մեր և այլոց ազատությունը ու ստանձնում ենք մեր պատասխանատվությունը:

2. ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

2.1. Միայն արդարամիտ մարդիկ կարող են ստեղծել արդար հասարակություն։

2.2. Բացարձակ արդարություն չկա և արդարության մշտական որոնումն ու անհատի թվացյալ բացարձակ ճշմարտության հասնելը չպետք է ոտնահարեն արդարության ձգտելու այլոց իրավունքը:

2.3. Արդարության մեր պատկերացումն է՝ յուրաքանչյուրին տալ այն, ինչ նա վաստակել է: Սակայն մեր երկրում առկա է սոցիալական անարդարություն, որը հանգեցրել է հասարակության ներսում անթույլատրելի չափերի հասնող բևեռացման. մի կողմից փոքրաթիվ շերտի ձեռքում կուտակված վիթխարի նյութական հարստություն, մյուս կողմից՝ զանգվածային աղքատություն: Մեր կարծիքով թշվառության առկայությունը անհարիր է մեր ազգային նկարագրին և մենք աշխատելու ենք այս անարդարության վերացման ուղղությամբ:

2.4. Արդարության մեր չափանիշը ՀՀ սահմանադրության և օրենքների հանդեպ հարգալից ու ենթակա վերաբերմունքն է: Սակայն օրենքը ետ չպետք է մնա հասարակության առաջընթացից՝ բխելով մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից։

3. ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

3.1. Բնության մեջ մարդիկ ծնվում են անհավասար, բայց բոլորը հավասար են Աստծո առջև։ Սակայն յուրաքանչյուր ոք սոցիալական, դաստիարակչական, կրթական և այլ գործոնների հետևանքով կյանքի ուղին անցնում է յուրովի։

3.2. Չնայած ընդունակությունների, շնորհների և ձիրքերի տարբերությանը՝ յուրաքանչյուր ոք պետք է ելակետային հավասար հնարավորություններ ունենա զարգանալու ազա տության և հավասարության պայմաններում՝ անկախ ծագումից, սեռից, տարիքից, ազգությունից, ռասայական կամ կրոնական պատկանելությունից։

3.3. Մեր երկրում բոլորը պետք է ունենան կրթվելու, զարգանալու, առողջությունը պահպանելու, արդար վաստակը տնօրինելու հավասար իրավունքներ։

3.4. Մենք կողմնակից ենք կարգավորվող շուկայական, տնտեսական հարաբերություններին։ Դա ենթադրում է, որ բոլորը հավասար արդյունքի հասնել չեն կարող։ Սակայն սա չի նշանակում, թե նա, ով հասել է հաջողության, բարձր դիրքի, պետք է քամահրական վերաբերմունք դրսևորի, անհաղորդ լինի այն մարդու ճակատագրի հանդեպ, որը կյանքում քչի է հասել։ Նման վերաբերմունքը խորթ է քրիստոնյա ժողովրդի հավաքական նկարագրին։ Հայ ժողովրդի ազգային առանձնահատկությունները, մարդասիրության, գթառատության և բարերարության դարավոր ավանդույթներն ապացուցում են, որ մերձավորի հանդեպ սիրո դրսևորման քրիստոնեական պատգամը փրկարար, գոյապահպանական նշանակություն ունի։ Այդ իսկ պատճառով մենք խրախուսում ենք ցանկացած բարերարություն, որը խղճի լավագույն դրսևորումն է և հռչակում ենք՝ յուրաքանչյուրից ըստ խղճի:

4. ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ

4.1. Գիտակցելով, որ հասարակական կյանքի բնական և օրինաչափ ընթացքը մշտապես ուղեկցվում է տարաբնույթ հակասություններով՝ մենք կարևոր ենք համարում հասարակության համերաշխությունը, որը հնարավոր է ազատության և արդարության պայմաններում հավասար իրավունքներով օժտված մարդկանց, խմբերի ու խմբավորումների հանրակցությունում: Համերաշխությունը փոխադարձ կապակցվածության և համամարդկային ընդհանուր արժեքների, ընդհանուր գաղափարների շուրջ համախմբված մարդկանց փոխադարձ օգնության գիտակցումն է:

4.2. Մենք ցանկություն ենք հայտնում համագործակցել բոլոր այն մարդկանց, խմբերի, կազմակերպությունների և կուսակցությունների հետ, որոնց գործունեությունը նպաստում է հայոց պետականության ամրապնդմանը:

4.3. Մեր կուսակցության քաղաքական գերագույն նպատակը ազգային շահերի պաշտպանությունն է: Մենք կողմ ենք այն ամենին, ինչը համախմբում է ազգը և դեմ նրան, ինչը տրոհում է։

4.4. ՀՀ-ում ազգային շահը զուգակցվում է քաղաքական երկու հիմնական բաղադրյալի հետ՝ պետական անկախություն և Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում: Մենք մերժում ենք որևէ գործողություն որևէ մեկի կողմից, որն ուղղակի կամ անուղղակի սպառնալիք կարող է ներկայացնել մեր պետության անկախությանը։ Մենք ընդունում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային, փոխզիջումային ուղին, եթե այն չի վնասի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը։

4.5. Մենք դեմ ենք քաղաքական ու հասարակական գործունեության ոլորտում անձնական կամ խմբակային շահերի վրա հիմնված ցանկացած գործողության, որը վնաս կբերի մեր ազգային և պետական շահերի պաշտպանությանը։

4.6. Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհի ցանկացած հայի, ում մտքերն ու գործերը նպատակամղված են ՀՀ ամրապնդմանը, հզորացմանը և առաջընթացին:

5. ԵԿԵՂԵՑԻ

5.1.1. Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին վիթխարի գոյապահպանական դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում։ Բացի հոգևոր ապավեն լինելուց՝ նա եղել է նաև ժողովրդի աշխարհիկ և քաղաքական առաջնորդը։ Հայտնելով մեր խորին նվիրվածությունը Լուսավորչական եկեղեցուն՝ հայտարարում ենք, որ ամենայն նպաստ բերելու ենք մեր երկրում Սբ. Էջմիածնի առաջնությունը պահպանելուն և նրա բոլոր ազգանվեր ձեռնարկներին:

5.1.2. Մենք հայտարարում ենք նաև մեր հարգալից և աջակցային վերաբերմունքը բոլոր հայերի հանդեպ։

5.1.3. Առաջնորդվելով համերաշխության և քրիստոնեա-ժողովրդավարության հիմնադրույթային սկզբունքներով և Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ դարեր շարունակ որդեգրած հանդուրժողականության ոգով՝ մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ազատորեն և հավասարապես գործելու իրավունք ունեն համաշխարհային ավանդական կրոնների բոլոր դավանողները:

6. ՍՓՅՈՒՌՔ

6.1. Սփյուռքը պատմական իրողություն է, այն մեր ժողովրդի մի հատվածն է, անքակտելի մասը և ազգային արժեքը:

6.2. Սփյուռքը ամբողջական և կազմակերպված մարմին չէ. յուրաքանչյուր համայնք ունի ծագման, զարգացման և գոյատևման իր օրինաչափությունները։ Սփյուռքը կա և կլինի մշտապես, այդ իսկ պատճառով Սփյուռքի հետ հարաբերվելիս մենք հռչակում ենք հետևյալ սկզբունքը՝ հզոր Հայաստան և հզոր Սփյուռք:

6.3 Անկախության տարիներին Սփյուռքի հետ ՀՀ իշխանությունների հարաբերությունները մենք գնահատում ենք խիստ անբավարար և քաղաքական սխալ ենք համարում Սփյուռքին լոկ ՀՀ տնտեսական կցորդ դիտարկելը։ Ողջունելով երկքաղաքացիության մասին իրավադրույթը՝ մենք հարկ ենք համարում սահմանադրական բարեփոխումներով և միջպետական համաձայնագրերով հասնել նրան, որ արտասահմանում ապրող յուրաքանչյուր հայ իրավունք ունենա լիարժեքորեն մասնակցելու ՀՀ քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին և այլ ոլորտներին:

6.4. Մենք չենք խրախուսում արտագաղթը։ Սակայն համարում ենք, որ յուրաքանչյուր ոք ազատ է ապրելու այնտեղ, որտեղ ցանկանում է:

6.5. Սփյուռքը պետք է գիտակցի, որ հզոր Հայաստանի Հանրապետությունը ազգային իղձերի իրականացմանը հասնելու միակ գրավականն է: